Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Պոեզիան ընտրում ենք և դարձնում ընթերցողի առօրյայի, շաբաթվա մի մասը»

«Պոեզիան ընտրում ենք և դարձնում  ընթերցողի առօրյայի, շաբաթվա մի մասը»
23.12.2016 | 11:16

Գրող-ընթերցող յուրատեսակ հանդիպում է խոստանում տարեվերջին լույս ընծայված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» ընտրանի-օրագիրը: Այն ներկայացնում է անցնող երկուսուկես տասնամյակում գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված ու նաև անտիպ՝ 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն: Կազմել և խմբագրել է գրականագետ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է կատարվել բանաստեղծությունների ընտրությունը, ի՞նչ սկզբունքներով է կազմվել ընտրանին:


«Շատ է խոսվում այն մասին, որ ժամանակակից ընթերցողը, թե՛ մեզանում, թե՛ աշխարհում, շատ քիչ է կարդում պոեզիա: Բանաստեղծական շատ ու տարբեր գրքեր են հրատարակվում, և ընթերցողը չի կարողանում թացը չորից տարբերել, հաճախ նույնիսկ գրականագետները դժվարությամբ են կողմնորոշվում այս բազմազանության մեջ: Այս դեպքում մենք պոեզիան ընտրում ենք և դարձնում ընթերցողի առօրյայի, շաբաթվա մի մասը»,- ասաց Հայկ Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է ընտրանու ձևաչափին, ապա մի էջում շաբաթվա օրերն են` նշումների համար համապատասխան տեղերով, մյուսում` մեկ բանաստեղծի մեկ բանաստեղծություն, բանաստեղծի լուսանկարը, նաև տեղեկություն ժողովածուի մասին, որտեղ ընդգրկված է տվյալ ստեղծագործությունը:


Ինչպես նշվում է առաջաբանում, հրատարակելու նպատակը գրական պարբերականներում կամ գրադարակներում նիրհող գրքերում տեղ գտած և հանրության լայն շրջանակներին ու հատկապես նոր ընթերցողին անծանոթ անկախության շրջանի պոեզիայի ներկայացումն է նոր ձևաչափով: «Կան հեղինակներ,- մանրամասնեց մեր զրուցակիցը,- որոնք 90-ականներին ակտիվ են եղել, հրատարակվել են, ժողովածուներ ունեն, բայց այսօր գրական դաշտից դուրս են: Կարծում եմ` արժե, որ նրանց ստեղծագործությունները կրկին հիշվեն: Ընտրանի-օրագրում տեղ են գտել նաև անտիպ գործեր: Որոշ հեղինակներ նախընտրել են հրատարակել նոր գործեր, հենց այս օրերին ստեղծված»:


Անկախության 25 տարիներին հարյուրավոր բանաստեղծական ժողովածուներ են լույս ընծայվել: Գրականագետն ընդգծում է, որ, ըստ այդմ էլ շատ հեղինակների գործեր դուրս են մնացել ընտրանուց: Տարին ունի 52 շաբաթ, և կարող էին ընտրել 52 բանաստեղծություն: Օրագրի ձևաչափը ենթադրում է նաև, որ բանաստեղծությունը պետք է տեղավորվի մեկ էջում: «Իմ սիրելի գործերից շատերը դուրս են մնացել, որովհետև ծավալով ավելի մեծ էին: Ժամանակակից բանաստեղծներն էլ մեծ մասամբ նախընտրում են երկարաշունչ բանաստեղծություններ գրել: Այս առումով բավականին դժվարությունների հանդիպեցի: Բանաստեղծությունները ճիշտ տեղում տեղադրելու խնդիր կար նաև, որոշ դեպքերում առաջնորդվում էինք թեմատիկայով, եղանակների, ամիսների հետ էինք կապում, եթե բանաստեղծության մեջ այդպիսի նշումներ կան»:


Օրացույցի առաջին շաբաթն սկսվում է Վահան Անդրեասյանի «Կեռնեխի երրորդ երգը» բանաստեղծությամբ, որտեղ Նոր տարվա, հարության, զարթոնքի խորհուրդը կա, գրվել է այս տարի, բանաստեղծի նախկին ժողովածուներում ընդգրկված չէ: Օրացույցն ավարտվում է Նարինե Ավետյանի «Տարին լքում է քաղաքը» բանաստեղծությամբ («Փնթի տողեր», 2001 թ.). տաղանդավոր, բազմախոստում բանաստեղծուհին առաջին ժողովածուից հետո այլևս ոչ մի գիրք չի հրատարակել, ներկայումս բնակվում է արտերկրում:
Ընտրանի-օրագիրը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը, դիզայնը Սոնա Թարխանյանինն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ